Ռուսաստանի կողմից Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնելը քիչ հավանական է, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռուսաստանցի քաղաքագետ Անատոլի Ցիգանոկը:
Նրա խոսքով՝ Հայաստանի, հնարավոր է նաեւ Ղազախստանի եւ Տաջիկստանի համար նման ռեժիմ մտցնելը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ երկրները ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ գործընկերներն են: «Ինձ թվում է, որ հնարավոր վիզային ռեժիմ մտցնելը հենց հիմա կապված է Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների հետ: Ամենայն հավանականությամբ, դրանով են հիմնավորվում նմանատիպ հայտարարությունները»,-ասաց Ցիգանոկը:
Նշենք, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը հայտարարել էր, որ ազգային շահերի պաշտպանության համար անհրաժեշտ է վիզային ռեժիմ մտցնել որոշ հարեւան երկրների համար, որտեղից միգրանտների մեծ հոսք կա: Նրա խոսքով՝ վիզային ռեժիմը կմտցվի արդեն «տեսանելի ապագայում»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ներգաղթյալների շուրջ իրավիճակը սուր քննարկումների թեմա է դարձել 2013-ի երկրորդ կեսին՝ Մատվեեւյան շուկայում տեղի ունեցած միջադեպի եւ Բիրյուլեւոյում անկարգություններից հետո:
Ի դեպ, այն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Միջին Ասիայի երկրների համար վիզային ռեժիմ չի մտցվի, որպեսզի «չվանեն» ԽՍՀՄ նախկին հանրապետություններին:





























