Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության որոշ անդամներ ինքնաբուխ կերպով ստեղծել են Վիվասելի ծառայութունները բոյկոտելու իրադարձությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ հստակ հայտարարվում է ընկերության դիրքորոշումը կենսաթոշակային նոր օրենքի վերաբերյալ:

Նշենք, որ դեռեւս հոկտեմբեր ամսին, ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնել է իր մտահոգությունը օրենքի կապակցությամբ եւ նամակով դիմել է ՀՀ վարչապետին, առաջարկելով վերանայել օրենքը եւ օրենքից հանել պարտադիր բաղադրիչը: Հաղորդագրությունում, փաստորեն, ասվում է, որ ընկերությունը փոխհատուցում է իր աշխատակիցների ֆինանսական նոր բեռը, ելնելով միայն ընկերության վարած ներքին քաղաքականությունից, դրանով իսկ սատարելով իր աշխատակիցներին եւ այս քայլը չի դիտում որպես խնդրի լուծում:

Ընդգծենք նաեւ, որ հաղորդագրություն նշված է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեւէ չի սահմանափակել աշխատակիցների կողմից սեփական կարծիքն ազատ արտահայտելու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը»: Ինչով փաստորեն ընկերությունը հայտարարում է, որ պայքարի մեր ուղին համարում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը: Նաեւ ընկերությունը ցույց տվեց, որ համակարծիք է օրենքի դեմ ընդվզող քաղաքացիներին, եւ աշխատավարձերի բարձրացումը որեւէ կերպ չի խոչընդոտում իր աշխատակիցներին շարունակելու հետագա պայքարը: Մենք բոլորս պետք է ողջունենք ընկերության դիրքորոշումը եւ կոչ անենք բոլոր մեծ ընկերություններին նույնպես հանդես գալ հայտարարությամբ եւ ցույց տալ իրենց վերաբերմունքը «Կուտակային Կենսաթոշակային» օրենքի վերաբերյալ:

Նշենք նաեւ, որ Նախաձեռնության որոշ անդամներ ինքնաբուխ կերպով ստեղծել են Վիվասելի ծառայութունները բոյկոտելու իրադարձությունը, ինչը պայմանավորված է պարոն Յիրիկյանի հայտարարության այն մասի հետ, որտեղ նա նշում է, որ փողոցում պայքարը քաղաքակիրթ մեթոդ չէ: Սա կարող էր տարակարծությունների տեղիք տալ եւ անուղղակի ճնշում դիտարկվել ընկերության աշխատակիցների վրա: Սակայն, համաձայն ընկերության վերջին հայտարարության մեջ հստակորեն հնչեցված դիրքորոշմանը, ակնհայտ է, որ ընկերությունը սատարում է քաղաքացիների՝ սահմանադրությամբ թույլատրելի պայքարի միջոցները: Հուսով ենք, որ այն կփարատի բոլոր հնարավոր կասկածները»: