Հայաստանի անունը փոխելը եւ Արեւելյան Հայաստանի Հանրապետություն դարձնելը ընդամենը շղարշ է, մարդկանց մոլորեցնելու եւ խաբելու միջոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Նա շեշտեց, որ կան հարցեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել` նայելով ոչ թե ինչ է ասվում, այլ ով է ասում: «Երբ մարդիկ Արեւելյան Հայաստանը բռնագաղթի են դատապարտում եւ հետո կապիկություններ են անում` անուններ փոխելով, դա ընդամենը շղարշ է եւ մարդկանց մոլորեցնելու եւ խաբելու միջոց: Ինչ փայլուն, հանճարեղ գաղափար էլ ասվի կամ հիմարություն էլ ասվի այս վարչախմբի անունից, ոչ մի իմաստ չունի, որովհետեւ իրենք չեն զբաղվում իրենց հիմնական գործառույթով` երկրի կառավարումով, որը հասցված է ցեղասպանության մակարդակի, իսկ մնացածը իմաստ չունի»,- ասաց Տիգրան Խզմալյանը:

Նշենք, որ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը առաջարկում է քննարկել մեր պետության վերանվանման հարցը, պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության եւ պահանջատիրության դիտանկյունից:

«Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արեւելյան Հայաստանի Հանրապետություն: Այս առաջարկս հնչեցրել եմ դեռեւս 2005 թվականին Ազգային Ժողովում, կրկին Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է: Շնորհակալ կլինեմ կարծիքների համար»,- գրել է նախարարը: