Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված Ավետիս Ավետիսյանը հացադուլից հետո մի քիչ նիհարած է, սակայն հոգով կայուն և ամուր: Այս մասին NEWS.am-ին ասաց Ավետիս Ավետիսյանի կինը` Արմինե Զաքարյանը:
«Ավետիսը ընդհանուր առմամբ վատ չէր, տրամադրությունը լավ էր՝ մեզ, հատկապես իր փոքրիկին տեսնելու առիթով»,-ասաց Արմինեն:
Նա պատմեց, որ Ավետիսին տեսակցելու էր գնացել սկեսրոջ և 2 ամսական որդու հետ, որը 5 օրական էր, երբ Ավետիս Ավետիսյանը ձերբակալվեց. «Որոշեցինք, որ լավ անակնկալ կլինի, որ հայրիկը տեսնի իր բալիկին»:
«Ավետիսը բարեւներ էր ուղարկում Շանթին, մյուս տղաներին, համբերություն էր մաղթում նրանց ընտանիքներին, իսկ հայ ժողովրդին էլ՝ քաջություն, վճռականություն»,- Ավետիսի խոսքերը փոխանցեց Արմինեն:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ից հացադուլ էին հայտարարել նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանը, Միսակ Առաքելյանը, Ալեք Պողոսյանը և 6 օր շարունակել հացադուլը, մինչև տեսակցության արգելանքի հանվելը: Շանթ Հարությունյանը, որն ավելի վաղ էր հացադուլ հայտարարել, առողջական վիճակի պատճառով ու փաստաբանի հորդորով դադարեցրել էր այն միայն 16-րդ օրը։
«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Ավետիս Ավետիսյանին, որին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:





























