Եթե 13 տարվա կուսակցական փորձ եւ 39 տարվա անձնագրային տարիք ունեցող մարդը  համարվում է երիտասարդ կուսակցական, ուրեմն ես գտել եմ հավերժ երիտասարդության գաղտնիքը: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե իր նախագահության ժամանակ ունեցած   ձեռքբերումներն այսօր պետք է պաշտպանել նաեւ այն երիտասարդ հանրապետականների ոտնձգություններից, որոնց կարիերան սկսվել է Անդրանիկ Մարգարյանի օրոք եւ նրա շնորհիվ:

Արմեն Աշոտյանը նաեւ նշեց, որ իր գնահատականները Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հնչեցրել է մի քանի օր առաջ իր ասուլիսում: «Այս ընթացքում չեն հնչել հակադարձություններ կամ  լրացուցիչ փաստարկներ, որոնց առնչությամբ կարիք եմ տեսնում եւս մեկ անգամ անդրադառնալ այս հարցին»,- ասաց Աշոտյանը: