Մեր հանրային քննարկումների դաշտը շատ ավելի հարուստ է եւ հագեցած, քան լոկ սոցիալ-տնտեսական խնդիրները: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով այն կարծիքներին, թե իր կողմից Հայաստանի Հանրապետությունը Արեւելյան Հայաստանի վերափոխելու առաջարկը արվել է մարդկանց սոցիալ տնտեսական խնդիրներից շեղելու նպատակով:
Նրա խոսքով՝ այդ խնդիրները էլի շատ կարեւոր են ու մնում են կարեւոր մեր հասարակական ու քաղաքական օրակարգում, բայց դրանց գոյությունը չի կարող չեզոքացնել, զրոյացնել, լիկվիդացնել, այլ առաջարկությունների եւ գաղափարների քննարկման հնարավորությունը:
Հարցին, թե այդ առաջարկը ավելի գործնական փուլ տեղափոխվելո՞ւ է, թե՝ ոչ, նա պատասխանեց. «Ես տվել եմ առաջարկություն հանրային քննարկման համար: Շատ շնորհակալ եմ բուռն քննարկումների եւ արձագանքների համար: Արդեն երկրորդ օրն է, որ համ մասնագետները եւ հասարակական, քաղաքական գործիչները եւ շարքային օգտատերերը իրենց կարծիքը հայտնում են: Դա նշանակում է, որ իմ առաջարկը հետաքրքրաշարժ է եղել: Անկախ նրանից դրական, թե բացասական վերաբերմունք են դրսեւորում առաջարկության հանդեպ մտորելու, մտածելու, պատմությունը վերարժեւորելու, քաղաքական ենթատեքստերը վերաիմաստավորելու եւ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին մեր հնարավոր քայլերի հաջորդականությունը, ուժգնությունը վերաիմաստավորելու հնարավորություն է տալիս»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է անվանափոխել Հայաստանի Հանրապետությունը: Նախարարը Facebook-ի իր էջում գրել է. «Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արեւելյան Հայաստանի Հանրապետություն: Այս առաջարկս հնչեցրել եմ դեռեւս 2005 թվականին Ազգային Ժողովում, կրկին Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է: Շնորհակալ կլինեմ կարծիքների համար»:





























