Նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար փաստացի երաշխավորված է, քանի որ ոչ Երեւանը, ոչ Բաքուն այդ տարածքից չեն հրաժարվի, իսկ փոխզիջում գտնելը հնարավոր չէ: Այս մասին «Նեզավիսիմայա գազետա» թերթի «Կովկասյան ականապատված դաշտ» հոդվածում գրել է Ալեքսանդր Խրամչիխինը:
NEWS.am-ը ներկայացնում է հոդվածը, որոշակի կրճատումներով.
Պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար չի վերսկսվում միայն այն պատճառով, որ Ադրբեջանը չունի բավարար ռազմական ներուժ՝ լավ պատրաստված եւ բարձր մոտիվացված հայկական զորքերի նկատմամբ վճռական հաղթանակի հասնելու համար: Սակայն շնորհիվ իր նավթային եկամուտների, Բաքուն այդ ներուժը շատ հետեւողականորեն մեծացնում է, ինչպես ներմուծման, այնպես էլ սեփական արտադրության հաշվին:
Ներկայումս հետխորհրդային տարածքում սեփական զինված ուժերը համալրելու տեմպերով Ադրբեջանը վստահորեն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Ռուսաստանից հետո:
Հենց Ռուսաստանն է վերջին տարիներին որոշիչ ներդրում կատարում Ադրբեջանի ռազմական ներուժի ամրապնդման մեջ: Բաքուն Մոսկվայից մեծ քանակությամբ նորագույն հարձակողական սպառազինություններ է ձեռք բերում (Տ-72, ԲՄՊ-3 տանկեր, հարվածային Մի-35Մ ուղղաթիռներ, «Մստա» ՍԱՈւ, «Սմերչ» ՌԶՍՕ), որոնք լրացվում են բավական օգտակար պաշտպանիչներով(3ՌՍ Ս-300ՊՄ): Շնորհիվ այդ մատակարարումների Ադրբեջանի ԶՈւ-ը, թերեւս առաջին անգամ հնարավորություն ստացան լրջորեն գերազանցության հասնել Հայաստանի եւ ԼՂՀ ԶՈւ նկատմամբ:
Եթե զենքի վաճառքում Մոսկվան առաջնորդվեր խնդրի բացառապես միայն ֆինանսական կողմով, ապա Ադրբեջանին զենք վաճառելու մեջ զարմանալու ոչինչ չէր լինի: Մոսկվայի համար բացարձակ առաջնահերթություն է հետխորհրդային միջավայրում ինտեգրացումը, ինտեգրացման համար նա պատրաստ է վճարել, ընդ որում շատ: Այս կապակցությամբ Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների մատակարարումը զարմանալի է: Ընդ որում, Հայաստանը, որի դեմ օգտագործվելու է այդ զենքը, ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը հակառուսաստանյան ՎՈւԱՄ կազմի մեջ է մտնում:
Զենքի նշված մատակարարումներն ակնհայտորեն մոտեցնում են պատերազմը եւ դրանով զգալի խնդիրներ ստեղծում Ռուսաստանի համար։ Եթե Ադրբեջանը որոշի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, Մոսկվան ծանր ընտրության առջեւ կկանգնի։ Իհարկե, կարելի է պահպանել չեզոքությունը, սակայն միանգամայն հասկանալի է, որ նման վարքը ջախջախիչ հարված կհասցնի Ռուսաստանի՝ որպես հուսալի դաշնակցի վարկանիշին, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ հետխորհրդային ողջ տարածքում։ Ստիպված կլինենք կամ մարտնչել մեր իսկ ձեռքով մինչեւ ատամները զինված հակառակորդի հետ, կամ զգալի կորուստներ կրել։
Հնարավոր է, Մոսկվայում գիտակցում են, որ ինչ-որ բան սխալ են արել, ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական կոպիտ սխալ են թույլ տվել, գրում է հեղինակը եւ հիշեցնում Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկիի խոսքերը, որը հայտարարել էր, որ ռազմաբազան պատերազմական գործողությունների դեպքում, ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների համաձայն, կպաշտպանի Հայաստանին: Այս խոսքերը լայն արձագանք էին գտել ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում։
Իրականում ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կհրամայի Մոսկվան։ Ի դեպ, Ղարաբաղի համար պայքարում Հայաստանին Ռուսաստանի աջակցելու հնարավորության մասին պաշտոնական մակարդակով առաջին անգամ է խոսվել։ Այստեղ ակնհայտորեն Մոսկվան մեսիջ է հղել Բաքվին, որ պետք չէ Ղարաբաղի համար պատերազմել։
Այսպիսով, Ռուսաստանը հերթական անգամ իր պատմության մեջ իր համար խնդիր է ստեղծել, որն այժմ անհրաժեշտ է լուծել: Հնարավոր է, հիմա արդեն զենքի մատակարարումներ կլինեն արդեն Հայաստանին, միայն ոչ թե արտահանման, այլ ներքին գներով, բայց դեռեւս ման բան չի նկատվում:
Մնում է հուսալ, որ Բաքվում ճիշտ կհասկանան գնդապետ Ռուզինսկիի խոսքը, առնվազն, մինչեւ Սոչիի Օլիմպիական խաղերի ավարտը:





























