«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն արդեն շտապում է Ազատության հրապարակ` մասնակցելու այսօր` հունվարի 18-ին, կուտակային կենսաթոշակի օրենքի դեմ պայքարողների հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ NEWS.am-ում լուսանկարներ էին հրապարակվել, որտեղ արդեն զրահավորված, վահաններով զինված ոստիկանները դուրս են գալիս բաժանմունքներից եւ շտապում Ազատության հրապարակի մերձակայք եւ դրանից կարելի է դատել, որ իշխանությունները մեծ ակնկալիքներ ունեն այս հավաքից: Անձամբ իր ակնկալիքն այն է, որ ՀՀ քաղաքացիները մասնակցեն այս հավաքին, որովհետեւ սա նախերգանքն է լինելու մեծ, արմատական բարեփոխումների, եթե մեր քաղաքացիները ուզենան: «Ոստիկանությունը լավ օր չի ապրում այսօր, ինչ վերաբերում է մնացածին, չեմ կարծում, որ այսօր ինչ-որ ճակատագրական օր է լինելու: Տեղյակ եմ, որ նույնիսկ Կապանից եւ այլ շրջաններից են մարդիկ գալիս, համենայն դեպս, ինձ զանգել եւ հայտնել են, ամբողջ խնդիրն այն է, թե մեր քաղաքացիները կցանկանան ցույց տալ իրենց ցանկությունը փոխել իրերի այս վիճակը, որ կա երկրում, երբ մի քանի կլանններով փորձում են աղքատացնել ժողովրդին, արտագաղթի ենթարկել»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը: Արմեն Մարտիրոսյանը ողջունեց 4 ոչ իշխանական ուժերի մասնակցությունը հանրահավաքին` շեշտելով, որ դրական է գնահատում, երբ հարցի շուրջ քաղաքական ուժերը միավորվում են:
Որպես փոխնախագահ` ինքը եւս իր կուսակիցներին կոչ է արել այսօր` ժամը 14.00-ին, լինել Ազատության հրապարակում: Կմասնակցի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքին, թե ոչ, փոխնախագահը տեղյակ չէ, նա նշեց, որ սա անհատական նախաձեռնությունների շրջանակում է:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Ազատության հրապարակում սպասվում է մեծ հավաք երթ, որին բացի կուտակային կենսաթոշակի օրենքի դեմ պայքարողներից մասնակցելու են խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի (ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, ԲՀԿ) ներկայացուցիչները։ Ակցիայի մասնակիցները պահանջելու են չեղյալ հայտարարել օրենքը, որով 1974-ից հետո ծնված ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ամսական գրանցված աշխատավարձերից 5%-ի չափով պարտադիր վճարում կատարեն կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ին։





























