Երեւանի եւ Ռիգայի միջեւ ձեւավորված համագործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով գտնվում է Լատվիայի մայրաքաղաքում:

Նա Ռիգայում հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ, որի ժամանակ նշել է, որ այս այցը եւս մեկ առիթ է քննարկելու Երեւանի եւ Ռիգայի միջեւ հաստատված փոխշահավետ համագործակցության ծրագրերի շրջանակում իրականցվող աշխատանքների ընթացքը.

«Ես վստահ եմ, որ երկու մայրաքաղաքների միջեւ առկա ջերմ հարաբերություններն անպայման կունենան փոխշահավետ զարգացումներ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, եւ մենք կունենանք շոշափելի արդյունքներ: Ինձ համար կրկնակի հաճելի է, որ ընդունել եք իմ հրավերն ու մասնակցում եք Ռիգան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու պաշտոնական արարողությանը, ինչը Ձեր դեպքում, որպես նաեւ իմ լավ ընկերոջ, իսկապես մեծ աջակցություն է ինձ»,- նշել է Նիլ Ուշակովը:  

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ հրավերի համար՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է գործընկերոջը Ռիգան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ: Անդրադառնալով երկու քաղաքների միջեւ փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ու գործնական հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ այսօր առկա են բոլոր նախադրյալները Երեւանի եւ Ռիգայի միջեւ բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու համար. «Երեւանի եւ Ռիգայի միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը հիմնված է մեր երկրների եւ ժողովուրդների բարեկամության վրա, որի ապացույցն է վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել Ռիգայում ստորագրված եղբայրացման մասին համաձայնագրով նախատեսված բոլոր նախանշումները եւ իրականացնել տարբեր ծրագրեր` ի բարօրություն մեր մայրաքաղաքների»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: