«Պոնչիկանոցի» մոտ տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 4 տուժածներից այժմ միայն մեկի կյանքին է վտանգ սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկայի Վերակենդանացման բաժանմունքից:
Չորս տուժածներից երեքի վիճակը կայուն է, միջին ծանրության, մի քանիսը այսօր կտեղափոխվեն հիվանդասենյակ, միայն 1985թ ծնված Պ. Խ-ի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր:
Չորսից երեքի վիճակը ստաբիլ է, միջին ծանրության. Որոշները կտեղափոխվեն պալատ, մեկի վիճակն է գնահատվում ծանր:
«Դա կապված է գանգուղեղային վնասվածքի ներուղեղային արյունազեղումի հետ, նա վիրահատվել է՝ կապված գանգի խնդիրների հետ»,-հայտնեցին հիվանդանոցից: Իսկ մյուս տուժածը՝ 1981 թ. ծնված Ա. Ա.-ն, ունի ազդրի վնասվածք, այդ կապակցությամբ նա վիրահատվել է, բայց ապագայում է հնարավոր է նորից նրան վիրահատեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փրկարար ծառայությունը հունվարի 19-ին, ժամը 02.58-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ին պատկանող պոնչիկանոց-սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել վթար: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը (պարզվել է, որ տուժածները դուրս են բերվել տեղի ուժերով): Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն պասսատ» մակնիշի 11 ՏԼ 111 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արտաքին լուսավորման սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւոր` 1961 թ. ծնված Գ. Խ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ա.-ն, ուղեւորներ` 1958 թ. ծնված Ա. Պ.-ն, 1985 թ. ծնված Պ. Խ..-ն եւ 1983 թ. ծնված Լ. Ղ.-ն տեղափոխվել են «Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա», որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Այս վթարի մասին Երեւանի ՃՈ-ի պետ Արսեն Արշակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր հետեւյալը. «Այս գիշեր ահազանգով մեկնեցի դեպքի վայր եւ ողբերգության ականատես եղա: Մաշտոցի պողոտայի վերջնամասում ավտովթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով մի հոգի՝ 1961թ. ծնված, մահացել էր եւ չորս հոգի ծանր վիճակում՝ տեղափոխվել հիվանդանոց: Ողբերգություն էր նաեւ այն փաստը, որ գրեթե բոլոր տուժողները հարազատներ էին, մեկ գերդաստան: Հոգեբանորեն դժվարանում եմ վերհիշել, թե ինչ էր կատարվում հիվանդանոցում. մի կողմից ողբ 52 տարեկանում կյանքի թելը կտրված հարազատի համար, մյուս կողմից խառնաշփոթ ծանր վիճակում գտնվող եւ կյանքի համար պայքարող հարազատների համար: Մեկ խոսքով՝ աղետ:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, հայրենակիցնե՛ր, բազմիցս ասվել է, եւ շարունակում եմ պնդել. պահպանե՛ք ճանապարհային երթեւեկույթան կանոնները, մի՛ վարեք ավտոմեքենան ոչ սթափ վիճակում: Հարգե՛ք օրենքը, հարգե՛ք ձեր հարազատներին, հարգե՛ք ձեզ: Կյանքն ավելի քաղցր է, քան դուք կարծում եք եւ այն կարող է ընդհատվել մեկ ակնթարթում: Դժբախտություն է, երբ ինքդ քեզ ես զրկում կյանքից, եւ ողբերգություն է, երբ մեկ ուրիշի մահվան պատճառն ես դառնում: Խնայեք ձեզ եւ ձեր հարազատներին, նրանք միշտ սպասում են ձեզ...»:





























