1990թ. հունվարյան զոհերի ոսկորների հետ կապված սպեկուլյացիան շարունակում է մնալ ալիեւյան կլանի քաղաքականության անքակտելի մասը, որն ամեն կերպ փորձում է ամրապնդել իր բռնապետական ռեժիմը: Ամեն տարի այս օրերին ադրբեջանական հանրությունը իշխանությունների գաղափարական տեռորի զոհ է դառնում, որոնք «սեւ հունվարի» դեպքերը գլխիվայր շրջված են ներկայացնում: Բաքվում կատարված 24 տարվա վաղեմության դեպքերի ներկա վարկածը ժամանակին առանձնահատուկ լկտիությամբ առաջ էր քաշել խորհրդային դարաշրջանի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը՝ Ադրբեջանի «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւը: Եվ նրա այդ վարկածը տարեցտարի համալրվում է նոր հորինվածքներով՝ դառնալով առավել լպիրշ:

Կոմունիստից «վերածվելով» «համազգային առաջնորդի»` Ալիեւը 90-ականների համար հեշտ ուղով գնաց. փորձեց հունվարի 20-ին զորքերի մուտքը Բաքու ներկայացնել  որպես «տոտալիտար խորհրդային կայսրության ահաբեկչական գործողություն` ուղղված ազատատենչ ադրբեջանցի ժողովրդի  դեմ»: Պետք է ընդունել, որ արեւմտյան լսարանի մի հատվածի համար  ձեւակերպումը բավական «ընդունելի է», եւ այսպես կոչված  «խավիարային դիվանագիտության» պայմաններում Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մի քանի տասնյակ պրոֆեսորներ մինչ այժմ փրփուրը բերաններին հնարավորություն ունեն խոսել խորհրդային կայսրության մասին, որի դեմ իբր պայքարում էին Բաքվի «խաղաղ ցուցարարները»` Ադրբեջանի ֆաշիստական Ժողովրդական ճակատի կողմնակիցները: Իսկ այդ արեւմտյան  «փորձագետները» եւ «գիտնականները»,  վաստակելով ստացված միջոցները, բարեհաջող կերպով «մոռանում են», որ նույնիսկ Եվրախորհրդարանը 1990թ. հունվարի 18-ին  ԽՍՀՄ-ի ղեկավարությունից պահանջել էր զորքերը Բաքու մտցնել, քանի որ դա միակ միջոցն էր դադարեցնելու քաղաքի բազմահազար հայ բնակչության ջարդը: Իսկ խորհրդային բանակի` Բաքու մտնելու պահին հայերի դաժան ջարդերը շարունակվում էին արդեն մեկ շաբաթ:

Բայց ադրբեջանական պետական քարոզչական մեքենայի համար այդ ջարդարարությունները պարզապես «չեն եղել», ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության անդամները 1990-ի հունվարի 19-ին, հավանաբար, վատ երազ են տեսել եւ որոշել ուժ կիրառել «խաղաղ» ադրբեջանցիների նկատմամբ, որոնք արգելափակել էին քաղաքում տեղակայված զորքերին իրենց զորանոցներում, որոնք գրոհում էին հայերի բնակարանները, որոնք սպանում ու բռնաբարում էին մարդկանց:

Ադրբեջանի ներկայիս իշխանությունների այդ քաղաքականությունը, սակայն, լիովին համապատասխանում է նրանց էությանը: Ռեժիմի նպատակը պարզ է՝ առավելագույնս հիմարեցնել ամբողջ ադրբեջանական ժողովրդին՝ հիմնվելով հակահայկան հիսթերիայի վրա, վերջնակապես ժողովրդին անգիտակից հոտի վերածել ու հեշտությամբ կառավարել: Չէ՞ որ պատմական հիշողությունից զուրկ ժողովուրդը, որը սովոր է իշխանությունների կողմից ցանկացած քարոզչական աղբի «պարտադրմանը», կարող է ապրել այնպիսի նախագահի իշխանության ներքո, որը ստիպում է երկրի ամեն անկյունում հուշարձաններ կանգնեցնել սեփական հորը, ծաղիկներ դնել նրա հուշարձաններին ու խոնարհվել:

Այսպիսին է Ադրբեջանի իշխանությունների պատկերը, որոնք թաղված են նավթադոլարների ու կոռուպցիայի մեջ, որոնք կաղրում են սեփական ժողովրդին եւ փորձում հետայսու եւս կառուցել ավտորիտար պետություն՝ հենված բացառապես ստի ու պատմական փաստերի խեղաթյուրումների վրա: Այդ համատեքստոիմ 1990-ի հունվարի ողբերգական իրադարձությունների զոհերի ոսկորների վրա տարվող սպեկուլյացիան, ջարդարարների արարքների փառաբանումը որպես «քաջագործություն», որոնց մի մասը հետագայում զոհվեց զորքերի՝ Բաքու մտնելուց հետո, զարմանք չեն առաջացնում։ Բայց այդ մառազմը չի կարող անվերջ շարունակվել, նույնիսկ Ադրբեջանում:

Իվան Ղարիբյան