Ժնեւում, հունվարի 15-17-ին, Էկումենիկ կենտրոնում, տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի էկումենիկ խորհրդակցություն Սիրիայի վերաբերյալ, որին մասնակցեցին տարբեր Եկեղեցիների հոգեւոր առաջնորդներ եւ ներկայացուցիչներ Սիրիայից, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդից, Վատիկանից եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդից: Խորհրդակցությանն Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը ներկայացնում էր ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (Հայ Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արեւելյան թեմ):
Խորհրդակցության արդյունքում մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ` ուղղված առաջիկայում Սիրիայի վերաբերյալ կայանալիք «Ժնեւ II» համագումարին, որում մասնավորապես ասված է.
«Քրիստոնյաները Քրիստոնության տարածումից ի վեր շարունակ ներկայություն են պահպանել Սիրիայի երկրում: Այսօր, որպես Եկեղեցիներ եւ Եկեղեցուն առնչվող մարդասիրական կառույցներ, մենք ամեն օր Սիրիայի ժողովրդի հետ ենք եւ՛ երկրի ներսում, եւ՛ փախստականների հետ: Այստեղ մենք ուղիներ ենք փնտրում բարձրացնելու նրանց ձայնը:
Մենք անհանգտանում ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր տուժել են Սիրիայում անխնա բռնության եւ մարդկային աղետի պատճառով: Անհամար թվով անմեղ երեխաներ, կանայք եւ տղամարդիկ են սպանվում, վիրավորվում եւ հեռացվում իրենց տներից: Մենք լսում ենք նրանց լացի ձայնը՝ գիտենալով, որ երբ «մեկը պառապում է, մենք էլ ենք տառապում իր հետ» (Ա Կորնթ. 12:26):
Երկրում տիրող ճգնաժամին ոչ մի ռազմական լուծում չի լինի: Ջանալով հավատարիմ լինել բոլոր մարդ արարածների հանդեպ Աստծո սիրուն եւ նաեւ միջազգային հումանիտար իրավունքի համատեքստում՝ մենք ներկայացնում ենք խաղաղություն հաստատմանն ուղղված գործողությունների եւ ուղենիշերի այս պահանջը:
Մենք կոչ ենք անում ձեզ, որպես «Ժնեւ II» համագումարի մասնակիցների`
1. Հետապնդել բոլոր զինված հակամարտությունների եւ թշնամության անմիջապես դադարեցումը Սիրիայում: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ազատ արձակել ձեռբակալված եւ առեւանգված անձանց: Հորդորում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջոցներ ձեռք առնել վերջ տալու Սիրիա զենքի եւ օտարերկրյա զինվորների հոսքին:
2. Ապահովել, որ Սիրիայի բոլոր խոցելի համայնքները եւ հարեւան երկրներում ապաստան գտած փախստականները պատշաճ հումանիտար օգնություն ստանան: Այնտեղ, որտեղ այսպիսի մեծաքանակ բնակչություն լուրջ վտանգի մեջ է, ամբողջական մարդասիրական մուտքը կարեւոր է` համաձայն միջազգային իրավունքի եւ Պաշտպանության պատասխանատվության:
3. Զարգացնել բազմակողմանի եւ ընդգրկուն գործընթաց արդար խաղաղության հաստատման եւ Սիրիայի վերակառուցման համար: Հասարակության բոլոր հատվածները (ներառյալ կառավարություն, ընդդիմություն եւ քաղաքացիական հասարակություն) պետք է ներառվեն սիրական խնդրի լուծման մեջ Սիրիայի ժողովրդի համար: Մենք գիտակցում ենք կանանց եւ երիտասարդներին այս գործընթացներում ներգրավերու անհրաժեշտությունը:
«Ժնեւ II»-ը պետք է ձեւափոխվի խաղաղություն կառուցող գործընթացի` արձագանքելով Սիրիայի ողջ ժողովրդի օրինավոր սպասումներին: Մենք առաջարկում ենք հետեւյալ ուղինիշերը`
Խաղաղության հաստատմանն ուղղված որեւէ գործընթաց պետք է Սիրիայից առաջնորդվի: Այն պետք է լինի թափանցիկ եւ վստահելի, որպեսզի սիրիացիները կարողանան վճռել իրենց երկրի ճակատագիրը: Նման գործընթացը պահանջում է Արաբական Լիգայի, ՄԱԿ-ի եւ ներկա ճգնաժամում ներգրավված բոլոր կողմերի կառուցողական ներգրավվածություն,
• Բոլոր ջանքերը պետք է գործադրվեն` ապահովագրելու Սիրիայի խաղաղությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը
• Սիրիայի հասարակության բազմաէթնիկ, բազմակրոն եւ բազմադավան բնույթը եւ ավանդույթը պետք է պահպանվի: Սիրիական հասարակության վառ խճանկարը պահանջում է հավասար իրավունքներ իր բոլոր քաղաքացիների համար: Մարդու իրավունքները, արժանապատվությունը եւ կրոնական ազատությունը ամենքի համար պետք է խթանվեն եւ պաշտպանվեն միջազգային նորմերին համապատասխան:
Որպես քրիստոնյաներ` մենք միաձայն ենք կոչ անելիս Սիրայում արդար խաղաղության հաստատման համար: Այս խաղաղությանը հասնելու նպատակով մենք պետք է միասին աշխատենք մեր մահմեդական քույրերի եւ եղբայրների հետ, որոնց հետ ունենք ընդհանուր պատմություն, ինչպես նաեւ հոգեւոր եւ սոցիալական արժեքներ: Մենք վստահության կառուցման միջոցով ենք ջանում աշխատել հանուն ազգային հաշտության եւ ապաքինման: «Երանի խաղաղարարներին» (Մատթ. 5:9)»:



























