Եթե քաղաքական ուժերին իրականում մտահոգում են Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները, այլ ոչ թե զուտ ներկուսակցական խնդիրները, ապա հնարավոր է, որ խորհրդարանական չորս ուժերի մասնակցությունը հունվարի 18-ի բողոքի ցույցին կարող է նրանց միավորել իշխանության դեմ հետագա պայքարում, NEWS.am-ի թղթակցին ասել է  «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում այլ ելք չկա: «Եթե մենք փորձում ենք փոխել երկրում տիրող իրավիճակը, ապա անհրաժեշտ է փոխել կոչերը եւ թեմատիկան: «Ժառանգություն» կուսակցության անունից կարող եմ ասել, որ մեզ համար ստեղծված իրավիճակից ելքը իշխանափոխությունն է, նոր ընտրությունները եւ արմատական բարեփոխումները»:

Մարտիրոսյանը նաեւ նշել է, որ այս պահին դժվարանում է ասել, թե  ինչպիսին կլինի իշխող կոալիցիայի մեջ չմտնող  խորհրդարանական  ուժերի քաղաքական  օրակարգը: «Իմ կարծիքով` հունվարի 18-ին բոլոր քաղաքական ուժերը սկսեցին մտածել, որ պարտադիր կուտակային համակարգից դժգոհ երիտասարդներից բացի, Ազատության հրապարակում կային նաեւ իշխանությունների քաղաքականությունից դժգոհ բազմաթիվ քաղաքացիներ, որոնց թոշակային ներդրվող համակարգը չէր վերաբերում:  Դա նշանակում է, որ հասարակության մեջ դժգոհ են շատ խնդիրներից, հետեւաբար, միակ ուղին իշխանափոխությունն է»:

Ի պատասխան այն հարցին, թե ստեղծված իրավիճակը նա արդյոք բարեհաջող համարում է խորհրդարանական չորս ուժերի օգնությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար,  Մարտիրոսյանն ասել է. «Երկրորդ նախագահը երբեք էլ իշխանության չի եկել հանրային քաղաքականության միջոցով, նա կուլիսների հետեւից է գործել, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները կեղծելու ճանապարհով: Հետեւաբար, դա քաղաքականություն վերադառնալու նրա մեթոդը չէ: Չեմ կարծում, թե չորս քաղաքական ուժերը հավաքվել էին երկրորդ նախագահի համար, համենայն դեպս, «Ժառանգություն» կուսակցությունն Ազատության հրապարակ էր եկել ոչ երկրորդ նախագահի համար, այլ հասարակական պահանջով եւ գոյություն ունեցող խնդիրների պատճառով»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am