Ադրբեջանի դրոշն իսկապես կարող է, եւ նույնիսկ պետք է հայտնվի Լեռնային Ղարաբաղում: Սակայն միայն այդ երկրի դեսպանատան տանիքին: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման նախագահ Բայրամ Սաֆարովի հերթական հայտարարությունն այն մասին, որ «Ադրբեջանի եռագույն դրոշը ծածանվելու է Լեռնային Ղարաբաղում»:
«Ադրբեջանի դրոշը պետք է ծածանվի Լեռնային Ղարաբաղում իր դեսպանատան տանիքից: Մենք բազմիցս են խոսել այդ մասին, եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենակարճ եղանակն ենք համարում: Մեր հերթին մենք պատրաստ ենք տեղ հատկացնել դեսպանությանը Շուշիում, Ստեփանակերտում կամ մեկ այլ վայրում, որտեղ որ նպատակահարմար կգտնենք»,- նշել է Դավիթ Բաբայանը:
Սակայն, հավելել է նա, եթե Բայրամ Սաֆարովը համարում է, որ Ադրբեջանի դրոշը կարող է հայտնվել ԼՂՀ-ում պատերազմի հետեւանքով, նա չարաչար սխալվում է: «Պատերազմի դեպքում ղարաբաղյան եռագույնը կհայտնվի Բաքվում՝ նախագահի նստավայրի վերեւում եւ բոլոր կարեւոր հաստատությունների գլխավերեւում: Իսկ անձամբ Բայրամին, եթե պատերազմ սկսելու հույս ունի, խորհուրդ եմ տալիս սկսել հայերեն սովորել: Հակառակ դեպքում այդ գործիչը պարզապես առանց աշխատանքի կմնա»,- եզրափակել է մամուլի քարտուղարը:




























