Մուտքը Ռուսաստան փակ կլինի Հայաստանի միայն այն քաղաքացիների համար, ովքեր երկրում վերջին անգամ գտնվելու ընթացքում խախտել են միգրացիոն օրենսդրությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերրի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը՝ անդրադառնալով Սոչիից հայերի դեպորտացման վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին:

Նրա խոսքով՝ սա վերաբերում է Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր 30 օրով գերազանցել են Ռուսաստանում գտնվելու թույլատրելի ժամկետը կամ միգրացիոն կանոնների երկու կամ ավելի խախտում ունեն:Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամսում Ռուսաստան մեկնող Հայաստանի շատ քաղաքացիների տարբեր պատրվակներով կամ առանց դրանց թույլ չեն տալիս մուտք գործել եւ հետ են ուղարկում: Մեր թղթակցի հետ զրույցում Աշոտ Ալեքսանյանը պատմել է, որ հայկական սահմանն անցել է մեքենայով առանց որեւէ խնդրի, իսկ ռուսական սահմանից հունվարի 10-ին նրան հետ են ուղարկել:«Ինձ խորհուրդ տվեցին դիմել ռուսական դեսպանատուն, այնտեղ ամեն ինչ կբացատրեն: Դեսպանատանը հայտնեցին՝ մենք ոչինչ չենք կարող անել, նման հարցերով մեզ այլեւս մի անհանգստացրեք»,- պատմել է նա:

Ա. Ալեքսանյանի խոսքով, քանի դեռ անցակետում մոտ մեկ ժամ սպասում էր, մոտ տաս հոգու ետ ուղարկեցին: «Իմ անձնագրի տվյալները համակարգում ներմուծեցին, ասեցին, որ մինչեւ 2016թ.-ն իրավունք չունեմ Ռուսաստան մուտք գործել: Ինչ-որ մեկի ասել էին մինչեւ 2015թ.-ը: Ընդ որում ոչ ոքի ոչինչ չէին բացատրել»,- հայտարարել է Աշոտ Ալեքսանյանը: