Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը տասնօրյա նստացույց է հայտարարել` պահանջելով իրեն ենթարկե մայրաքաղաքի ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ նա եւ իր նախարարները քաղաքի կենտրոնում բողոքի ցույց են կազմակերպել` գիշերելով հենց փողոցում։
Ավելի վաղ նրանք ծրագրել էին բողոքել Հնդկաստանի ներքին գործերի նախարարության շենքի առաջ, սակայն ոոստիկանությունը խոչընդոտել էր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քեջրիվալը պահանջել էր աշխատանքից հեռացնել չորս ոստիկանի` վերջերս տեղի ունեցած եւ չբացահայտված մի շարք աղմկահարույց հանցագործությունների կապակցությամբ, ներառյալ` Դանիայի բնակչուհու խմբակային բռնաբարությունը: Սակայն ավելի ուշ Մայրաքաղաքի ազգային տարածքի ղեկավարն ընդլայնել էր իր պահանջները. այժմ նա ցանկանում է վերահսկել Դելիի ողջ ոստիկանությունը:
Քեջրիվալը բոլոր «արդար ոստիկաններին» կոչ է արել արձակուրդ վերցնել եւ միանալ իրեն:
Նշվում է, որ Դելիի գլխավոր նախարարը հայտնի է որպես կաշառակերության դեմ պայքարի անհաշտ մարտիկ: Անցյալ տարեվերջին զբաղեցնելով իր պաշտոնը` նա հրաժարվել էր տեղափոխվել պաշտոնական ճոխ նստավայր` հրահանգելով իր համար փնտրել ավելի համեստ վայր: Նրա «Աամ Աադմի» (Հասարակ մարդկանց կուսակցութուն) կուսակցությունը Դելիում իշխանության է եկել` շնորհիվ կոռուպցիայի դեմ պայքարի իր դիրքորոշման:




























