Երեւանում հունվարի 20-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տեղի է ունեցել շղթայական ավտովթար, վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել Ճանապարհային ոստիկանները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ  զրույցում ասաց Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, ով գիշերը գնացել է դեպքի վայր:

Նա տեղեկացրեց, որ Կիեւյան փողոցում թիվ 1 շենքի դիմաց  Երեւանի բնակիչ 25-ամյա Հովհաննես Մանասյանի  Nissan Pathfinder մակնիշի մեքենան բախվել է թիվ 52 Ա երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի մեքենային, վերջինս էլ՝  թիվ 6 երթուղին սպասարկող ГАЗель-ին:

Հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի, որոնցից երկուսը՝ մանկահասակ երեխաներ: Արսեն Արշակյանը տեղեկացրեց, որ մնացած 4-ին ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներն են տեղափոխել:

ՃՈ-ի պետի փոխանցմամբ՝  վթարի հետեւանքով միայն մեկ հոգի մարմնական վնասվածքներ ուներ:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: