Հայաստանում արտադրության զարգացումը կարող է նպաստել նոր տեխնոլոգիաների զարգացմանը: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ՀՀ գիտության պետական կոմիտեի ինովացիոն եւ ներդրումային քաղաքականության բաժնի պետ Ռուզան Ասատրյանը` ավելացնելով, որ Հայաստանում արտադրության ծավալի փոքր լինելու պատճառով նոր տեխնոլոգիաների կիրառումն ու զարգացումն առայժմ խիստ բարդ է։

«Զարգացած երկրներում ինովացիոն գաղափարները եւ տեխնոլոգիաները սկիզբ են առնում հենց արտադրությունների մեջ»,- ասաց Ասատրյանը` ավելացնելով, որ Հայաստանի թույլ զարգացած արտադրության մեջ դժվար է շուկայում նորարական տեխնոլոգիաների զարգացում ապահովել։

Ըստ ՀՀ գիտության պետական կոմիտեի բաժնի պետի՝ համապատասխան տնտեսական պայմանների ստեղծումը եւ նորարարական տեխնոլոգիաների ներդրման համար որոշակի արտոնությունների տրամադրումը կարող են նպաստել Հայաստանում նոր տեխնոլոգիաների հիման վրա արտադրությունների ստեղծմանը: