Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի արդեն նախկին տեղակալ Վարդան Ղուկասյանը, ով հայտնի է «Դոգ» մականունով, ինքն է դիմում գրել եւ հեռացել աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Վարդան Ղուկասյանը:
Նա հայտնեց, որ պարզապես հոգնել է այդ համակարգում աշխատելուց, որեւէ այլ խնդիր չկա: Իսկ թե ինչով է այսուհետ զբաղվելու Վարդան Ղուկասյանը, առայժմ հայտնի չէ: Մեզ փոխանցեցին նաեւ, որ Վարդան Ղուկասյանը երկուշաբթի մամուլի ասուլիս կտա եւ կպատասխանի բոլոր հարցերին:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացվել էր Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել եւ վիրավորել էր լրագրողին, որից հետո մեծ աղմուկ էր բարձրացել: Այնուհետեւ նա նշանակվել էր Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Վարդան Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ոստիկանությունից:




























