Վաղը` ապրիլի 15-ին ոստիկանության օրն է, որի կապակցությամբ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը հրապարակել է այդ օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը:
Ապրիլի 15-ին ժամը 10.30-ին նախատեսվում է ծաղկեպսակի դրման արարողություն «Հաղթանակ» զբոսայգում` Հատուկ նշանակության ջոկատների մարտիկների հուշարձանին: Դրանից հետո ժամը 15-ին տեղի կունենա հանդիսավոր նիստ ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում:
Իսկ ապրիլի 16-ին, առավոտյան ժամը 10-ին նախատեսվում է ծաղկեպսակի դրման արարողություն ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ` «Իրավակարգի զինվորի» և Արամ Մանուկյանի հուշարձաններին, ժամը 11-ին` զորահանդես Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքում:
Շքերթի ավարտից հետո կլինի հանդիսավոր քայլերթ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ` Խանջյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից դեպի Ֆրանսիայի հրապարակ: Իսկ ժամը 18.00-ին նախատեսվում է տոնական համերգ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:




























