Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է Կիեւի ցուցարարներին եւ երկխոսության կոչ արել: Այս մասին ասված է պետության ղեկավարի կայքում տեղակայված ուղերձում:
«Դիմում եմ ձեզ որպես գիտակից քաղաքացիների, ովքեր լավ են հասկանում, թե ուկրաինական պետության եւ հասարակության համար ինչ սպառնալիքներ են պարունակում ներքին հակասությունները, պառակտումը եւ դիմակայությունը:
...Խնդրում եմ, մի գնացեք բռնության կոչեր անողների, պետության եւ հասարակության միջեւ պառակտում սերմանողների հետեւից:
...Ես ըմբռնումով եմ մոտենում զանգվածային ցույցերին ձեր մասնակցությանը… սակայն ներկայումս ես վստահ եմ, որ նման երեւույթները վտանգ են ներկայացնում ոչ միայն Կիեւի, այլեւ ամբողջ Ուկրաինայի համար», - նշել է նախագահը:
Յանուկովիչը նաեւ խոստացել է այլ միջոցներ կիրառել հասարակական հանգիստը եւ հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար:
«Միայն խաղաղ ճանապարհը, ծանր աշխատանքը, ժողովրդի միասնությունը եւ մեր նպատակասլացությունը մեզ հաջողության կհասցնեն: Պատերազմը, ավերածությունը, բռնությունը կքայքայեն Ուկրաինան»,- նշել է նախագահը:




























