Թեեւ Հայաստանում ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպվել, այնուամենայնիվ, ընտրողների վրա ճնշում գործադրելու, ձայներ գնելու եւ վարչական ռեսուրսը իշխող կուսակցության օգտին չարաշահելու հաղորդումներ էին ստացվել: Այս մասին ասված է Human Rights Watch «Всемирный доклад 2014»-ի (World Report 2014) ամփոփիչ զեկույցում:

Իրավապաշտպանների կարծիքով՝ քաղաքացիների բողոքների հանդեպ ոստիկանության սառնասրտությունը մթագնել է թե նախագահական, թե Երեւանի ավագանու ընտրությունները:

Փորձագետները նշում են ոստիկանության դաժան վերաբերմունքը, ինչպես նաեւ անհայտ հանցագործների կողմից  խաղաղ ցուցարարների վրա հարձակումները քննելու իշխանությունների անկարողությունը: Իշխանությունները մինչ այժմ զինվորական ծառայությունից հրաժարված անձանց այլընտրանք չեն առաջարկել, ինչպես նաեւ  բանակում մահվան դեպքերի համապատասխան քննություն չեն իրականացրել:

Հեռարձակվող լրատվամիջոցներում բավարար բազմակարծություն չկա, կարծում են Human Rights Watch-ի իրավապաշտպանները՝ նշելով տարվա ընթացքում լրատվամիջոցների աշխատակիցների բռնության եւ հետապնդման դեպքերը: 

Ինչ վերաբերում է սեռական կողմնորոշման եւ գենդերային նույնականության պատճառով բռնությանն ու խտրականությանը, այստեղ պետական եւ ոչ պետական մակարդակի լուրջ խնդիրներ կան:  Զեկույցում նաեւ ասվում է, որ բյուրոկրատական սահմանափակումները անբուժելի հիվանդ մարդկանց համար  մատչելի չեն դարձնում ուժեղ ցավազրկողները: