Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հրաժարվել է քննարկել արտասահմանում քաղաքական ապաստան հայցելու հարցը։
Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, Բակիեւը հայտարարել է, որ մտադիր է «մտնել օրինական դաշտ, որպեսզի խորհրդարանը սկսի աշխատել»։
Միեւնույն ժամանակ Ղրղզստանի նախագահը ժամանակավոր կառավարության հետ բանակցություններ վարելու համար հրաժարվել է վերադառնալ Բիշքեկ՝ իր քայլը բացատրելով նրանով, որ վախենում է իր անվտանգության համար. «Նոր իշխանությունները չեն կարող անվտանգության երաշխիքներ տալ ինձ, ուստիեւ Բիշքեկ գնալու մեջ ես միտք չեմ տեսնում»։
Ավելի վաղ Ղրղզստանի նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է Ջալալաբադում բանակցություններ վարել ժամանակավոր կառավարության հետ եւ խորհրդարանին առաջարկել էր տեղափոխվել երկրի հարավ։
Հիշեցնենք, որ Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը՝ Ռոզա Օթունբաեւայի գլխավորությամբ, ապրիլի 12-ին որոշում էր ընդունել անձեռնմխելիությունից զրկել երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին։
Նրան անձեռնմխելիությունից զրկելու որոշման հիման վրա վերջինիս ձերբակալելու իրավունք կտրվի։
Ապրիլի 6-ից 7-ը Ղրղզստանում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է 87 մարդ։ Եւս 567-ը շարունակում են հիվանդանոցներում մնալ։




























