Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով  հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում մասնակցում է Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին, այսօր հանդես է եկել ելույթով:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարն իր խոսքում, մասնավորապես, շեշտել է այն հանգամանքը, որ կարողությունների եւ հմտությունների զարգացմանը միտված ժամանակակից կրթահամակարգը, որտեղ գիտելիքների եւ ունակությունների զարգացման համար տեղեկատվական տեխնոլոգիաները դառնում են որոշիչ, միաժամանակ կարիք ունի հստակեցնել երիտասարդ սերնդի արժեքների ձեւավորման եւ զարգացման հարցը:

Անդրադառնալով կրթության  տնտեսական նշանակությանը` նախարարը միաժամանակ ընդգծել է, որ խիստ անհրաժեշտ է չանտեսել կրթության հասարակական եւ սոցիալական նշանակությունները, որպեսզի կրթության շնորհիվ ձեւավորվի ոչ միայն հմուտ աշխատակազմ, այլեւ ազգային դիմագիծը պահպանած եւ ժողովրդավար հասարակության լիարժեք քաղաքացի: Այս թեզը հետաքրքրությամբ է քննարկվել համաժողովի մասնակիցների կողմից:

Համաժողովի շրջանակում Արմեն Աշոտյանը նաեւ կարճատեւ աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների` Վրաստանի, Խորվաթիայի, ՌԴ-ի, Սլովենիայի, Լիտվայի կրթության նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային համագործակցության  հարցեր: