Ռուսաստանի կողմից իրականացվող համերկրացիներ ծրագիրը սառեցվել է եւ տեւական ժամանակ է, որ Ռուսաստանի հեռավոր բնակավայրերը վերաբնակեցնելու նպատակով ՀՀ քաղաքացիների չեն տեղափոխում Ռուսաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Սահակյանների ընտանիքի անդամները, ովքեր «Համերկրացիներ» ծրագրի միջոցով փորձել էին հեռանալ Հայաստանից, սակայն նրանց Ռուսաստանի միգրացիոն ծառայությունից փոխանցել էին, որ ծրագիրը սառեցվել է:
«Մեզ փոխանցեցին, որ չեն էլ կարող ասել հետագայում ծրագիրը կգործի, թե՝ ոչ»,- ավելացրեցին Սահակյանները:
Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ մասին եւ իրենց ծառայությունը նրանց հետ կապ չունի: «Սա Ռուսաստանի սուվերեն ինքնիշխան պետության կողմից իրականացվող ծրագիր է: Նրանք անկախ են: Ես չեմ կարող հաստատել ծրագիրը սառեցվել է, թե՝ ոչ: Բայց չի բացառվում, որ դեր է խաղացել այն բացասական վերաբերմունքը, որը արտահայտվեց մեր հասարակության կողմից այդ ծրագրի նկատմամբ»,- ավելացրեց Գագիկ Եգանյանը:




























