35-ամյա դատապարտյալ Ալեն Մ.-ն մեղադրվում է այն բանում, որ պատիժը կրելու ընթացքում հերթական անգամ դատապարտվել է որպես ամերիկահայ ներկայանալու եւ հայուհուն «Օդնոկլասնիկի» կայքում թալանելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Գործի նյութերի համաձայն՝ 35-ամյա Ալեն Մ.-ն ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվելու ընթացքում, «Օդնոկլասնիկի» ինտերնետային կայքով, ներկայանալով որպես Արմեն Գրիգորյան անվամբ ամերիկահայ, ծանոթացել է Աննա Ն.-ի հետ, ապա խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու միջոցով նրանից տարբեր փուլերով միասնական դիտավորությամբ հափշտակել է ընդհանուր 894000 ՀՀ դրամ գումար:
Նա աստիճանաբար ձեռք է բերել Աննա Ն.-ի վստահությունը, խոստացել է իր հետ նրան տանել ԱՄՆ եւ աշխատանքի ընդունել իր խմորեղենի արտադրամասում։ Այնուհետեւ խաբել է նրան, ասել, թե իբր ՀՀ-ում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ինչի պատճառով իրեն կալանավորել են եւ ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում։
Այդ խնդիրները լուծելու պատրվակով Աննա Ն.-ից նա խնդրել է տարբեր չափի գումարներ փոխանցել «Վիվարո Բեթինգ» ընկերության հաշվեհամարներին` պատճառաբանելով, որ իր գումարները գտնվում են բանկային քարտում, իսկ քարտը ոստիկանությունում է մնացել եւ դուրս գալուն պես կվերադարձնի վերջինիս կողմից փոխանցված ողջ գումարը։
Աննա Ն.-ն, վստահելով Ալեն Մ.-ին, հաշվեհամարին է փոխանցել ընդհանուր 894.000 ՀՀ դրամ գումար, որը Ալեն Մ.-ն խաբեությամբ եւ Աննա Ն.-ին պատճառել է խոշոր չափի` 894.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանը քննելով գործը վճռել է ամբաստանյալ Ալեն Մ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նշված հոդվածի սանկցիայով նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառել` դատապարտելով ազատազրկման 3 տարի 4 ամիս ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 31.05.2013թ. թիվ ԱՐԴ/0030/01/13 դատավճռով նշանակված առանց գույքի բռնագրավման 7 տարի ժամկետով ազատազրկում պատժից դեռեւս չկրած 5 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկում պատիժը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, վերջնական պատժի ժամկետին հաշվակցելով առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը։




























