Արմավիրի մարզի  Արտամետի գյուղապետ Անահիտ Դավթյանի ամուսինը՝ 50-ամյա Տոնական Ղազարյանը, իր կողմից վրաերթի ենթարկված ոչխարների տերերի դեմ ոստիկանությունում բողոք  չի ներկայացնի՝ իրեն ծեծի ենթարկելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը՝ Տոնական Ղազարյանը:

Նրա խոսքով՝ քննություն է գնում, որը կհստակեցնի միայն վնասի փոխհատուցման խնդիրը: «Իսկ ես բողոք չեմ ներկայացնի: Ես չեմ ուզում բարդացնեմ առանց այն էլ տուժած մարդկանց վիճակը»,- ավելացրեց գյուղապետի ամուսինը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաղրամյան-Արտամետ ավտոճանապարհին, հունվարի 9-ին, Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենայով  Արտամետի գյուղապետ Անահիտ Դավթյանի ամուսինը` 50-ամյա Տոնական Ղազարյանը, մեքենայով հարվածել է Նոր-Արտագես գյուղի բնակիչ  Զադա Բրոյանին պատկանող ոչխարներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր  Տոնական Ղազարյանը: Նրա խոսքով՝ իր մեքենան 3-տոննայանոց է, եւ հարվածից 27 ոչխար սատկել է: Պատճառն, ըստ նրա, մառախուղն է եղել, բացի այդ, ոչ մի լուսային եւ ձայնային ազդանշան չի եղել: «Մառախուղի մեջ հայտնված՝ դեմս հազիվ տոռմուզով պահել եմ: Վնասի հատուցման համար մեքենան ԿԱՍԿՈ եւ ԱՊՊԱ է արված: Եթե գտան, որ մեղավոր եմ, կփոխհատուցեմ: Իմ մեքենային էլ է լուրջ վնաս պատճառվել, քանի որ ոչխարները չոր ոսկոր են»,- ավելացրել էր Տոնական Ղազարյանը: Ինչպես նաեւ տեղեկացրել էր, որ վթարից հետո 5 հոգով հարձակվել են իր վրա եւ ծեծի ենթարկել:  Ինչպես նաեւ նշել էր, որ հնարավոր է բողոք ներկայացնի քանի, որ չի պատրաստվում նրանց ոչխարների պատճառով «անմեղ գառնուկ» դառնալ: