25-ամյա Հայկ Հ.-ն մեղադրվում է «Դալմա Գարդեն-Մոլ» առեւտրի կենտրոնից օծանելիք գողանալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Հայկ Հ.-ն Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն-Մոլ» առեւտրի կենտրոնում գործող «Զառա» խանութ-սրահից գաղտնի հափշտակել է մեկ հատ «Զառա» ֆիրմայի 100 մլ տարողությամբ եւ 8.500 ՀՀ դրամ արժողությամբ տղամարդու օծանելիք, սակայն բռնվել է անվտանգության աշխատակցի կողմից եւ իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Քրեական գործ է հարուցվել 177 հոդվածի 1-ին մասով (գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` զգալի չափերով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-400-պատիկի չափով, կամ կալանքով` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Հունվարի 29-ին նշանակվել է առաջին դատաքննությունը: Գործը քննվելու է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում:




























