Հունվարի 22-ի առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի կենտրոնական  Գրուշեւսկայա փողոցում իրավիճակը սրվել է, թեեւ գիշերը խաղաղ էր անցել:

Առավոտյան հինգ անց կեսի սահմաններում ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել: Քսան րոպե անց  վերջիններս պատասխանել են` բարիկադների վրա  կրակելով եւ այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ գազային նռնակներ նետելով, հայտնում է cenzor.net-ը` վկայակոչելով lb.ua-ը:

ՆԳՆ-ն մի քանի ուժեղ լուսարձակներ է վառել, «բերկուտցիները» կրակում են` կողմնորոշվելով դրանց լույսով: Կրակոցները հիմնականում դիպչում են խաղաղ ցուցարարների հետին շարքերին, գազը շատ է», - հավելել են ականատեսները:

«Լարվածությունն աճում է, սակայն պատնեշների եւ ոստիկանների միջեւ  դեռ ակտիվիստներ կան կանգնած, որոնք փորձում են կանխել բախումները», - հաղորդվում է Եվրամայդանի ֆեյսբուքյան էջում:

Հաղորդվում է նաեւ, որ ընդդիմադիրները շարունակում են «տիտուշկաների» «որսը»:

Ըստ Վիկիպեդիայի` «Տիտուշկաներ» են ասում այն երիտասարդներին, որոնք   օգտագործվում են որպես վարձկաններ`  ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների եւ կազմակերպությունների դեմ ֆիզիկական ուժ գործադրելու համար: