Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկով մղձավանջ եւ աղետ է համարում Ուկրաինայում ստեղծված քաղաքական ճգնաժամը:

«Այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում մղձավանջ է եւ աղետ: Դա իմ գործը չէ, այնտեղ առանց ինձ էլ կկարգավորեն, կհարցնեն ինձ, ես կասեմ «այո» կամ «ոչ», կօգնեմ, թե՝ ոչ: Եթե այս նախագահական ընտրություններում իշխանությունը վերցնեն նրանք, որոնք ջարդում են, դա երկար չի տեւի»,-ասել է Լուկաշենկոն՝ բելառուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Բելառուսկի պարտիզան»-ը:

«Չափից ավելի հավակնություններ ունեն որոշ քաղաքական գործիչներ: Հրաշալի երկիր՝ հրաշալի ժողովրդով եւ այս «բարդակը» այսպես կոչված շուկայով, որտեղ կլանները կիսել են երկիրը, ահա ինչի այս ամենը կհանգեցնի: Հենց որ նախագահի որդիները զբաղվում են բիզնեսով, սպասիր դժբախտության: Հենց որ կանանց ու սիրուհիների գլխին թագեր են հայտնվում, սպասիր դժբախտության»,-ասել է Բելառուսի նախագահը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վրա ազդում են արտաքին ուժերը: «Լեհերը քիչ էր մնում կիրառեին Ուկրաինան Եվրոպա տանելու ծրագիրը: Ես վախենում եմ, որ Ուկրաինան վերջնականապես եւ հրապարակավ կռվի թատերաբեմ դառնա Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ»,-նշել է Լուկաշենկոն:

Նա հույս է հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում կլուծվի եւ չի ազդի ԱՊՀ գործունեության վրա, որտեղ Ուկրաինան նախագահում է 2014 թվականին:

«Միայն թե հեղափոխություն պետք չի Բելառուսում: Մեր ինչի՞ն է պետք դա: Չէ որ մենք քաղաքակիրթ մարդիկ ենք… Դա միայն կչարացնի նախագահին… Ես թույլ չեմ տա անկայունացնել իրավիճակը երկրում…»,- հանդիպման վերջում ասել է Լուկաշենկոն: