Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանն այժմ հանգստանում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նրա ընտանիքի անդամները:
«Հանգստանում է, ընտանիքի հետ է, կարոտն է առնում, երբ արդեն տնեցիքից կարոտը կառնի, իր հեռախոսահամարը կմիացնի, այդ ժամանակ էլ կպատասխանի բոլոր հարցերին»,- հայտնեց Հովհաննես Թամամյանի ընտանիքի անդամը:
Նրա փոխանցմամբ՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետը այժմ հանգստանում է, աշխատանքի անցնելու մտադրություն առայժմ չունի:
Նշենք, որ Հովհաննես Թամամյանն անազատության մեջ է գտնվել 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվել է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, 2011-ի սկզբին 4 տարվա ազատազրկման է դատապարտել ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին: Ըստ դատավորի, Թամամյան նաեւ իրավունք չունի երկու տարի տեղական եւ պետական մարմիններում պաշտոն զբաղեցնել: Արմեն Պողոսյանն ու Վահան Խանզադյանը դատապարտվել են 2,6 տարի պայմանական ազատազրկման: Նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից: Համաներման արդյունքում Հովհաննես Թամամյանի պատժաչափը կրճատվել էր 4 ամսով: Նա վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել, իսկ պատժաչափի լրանալուն մնացել էր 10 ամիս:




























