Ուկրաինական ընդդիմությունը Կիեւի Գրուշչեւսկի փողոցում ցուցարարի գնդակահարության մասին տեղեկատվություն է տարածել:

Ցուցարարներից մեկը, ենթադրաբար, զոհվել է ստացված գնդակից: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք դա եղել է հրազենային վնասվածք: Այս մասին հաղորդում է Еспресо TV-ն՝ վկայակոչելով Մայդանի բժշկական ծառայության ներկայացուցիչներին:

Ընդդիմադիրները հայտնում են, որ սպանվածի մարմինը գտնվում է Գրուշչեւսկի փողոցում գտնվող Ուկրաինայի պատմության ինստիտուտի շենքում բժիշկ-կամավորների կազմակերպած բուժկետում: Այնտեղ են ժամանել ոստիկան քննիչները եւ ականատեսները՝ զոհվածի ինքնությունը պարզելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել է հիվանդանոցում 22-ամյա ցուցարարի մահվան մասին, որն ընկել էր «Դինամո» մարզադաշտի սյունաշարքի վրայից (13 մետր բարձրությունից):

Հաղորդվում է, որ երիտասարդը մասնակցել է ոստիկանների դեմ «Մոլոտովի կոկտեյլներով» գրոհին: Երբ «Բերկուտի» մարտիկները բարձրացել են սյունաշարքի վրա, նա չի հասցրել փախչել եւ 13 մետր բարձրությունից վայր է ընկել: