2013 թվականի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրել։ Այս մասին նշվում է Հայաստանի ԱԳՆ 2013 թվականի հաշվետվության մեջ:
Ըստ այդմ, հունվարի 17-ին կայացել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ նախագահի եւ ՀՀ վաչապետի հանդիպումները Վրաստանի վարչապետի հետ, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր խթան են հանդիսացել հայ-վրացական համագործակցության խորացման համար:
Փետրվարի 11-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցը Վրաստան:
Ապրիլի 12-ին պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն: Երկու երկրների ԱԳ նախարարները մի շարք հանդիպումներ են ունեցել բազմակողմ համաժողովների շրջանակներում:
2013թ. նոյեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մասնակցել են Թբիլիսիում Վրաստանի նորընտիր Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը: Տեղի են ունեցել հանդիպումներ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի եւ ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ:
2013թ. ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների այցելությունները համապատասխանաբար Թբիլիսի եւ Երեւան, տարբեր գերատեսչությունների մասով իրականացվել են ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններ։




























