Տավուշի մարզի բնակիչը դուրս է եկել Երեւանի հիվանդանոցներից մեկից եւ անհետացել: Նրա հարազատները տարածել են հետեւյալ հայտարարությունը՝ խնդրելով օգնել իրենց:

«Փնտրվում է Էդիկ Աբելի Մադյանը, ծնված 1940թ-ին, բնակության վայրը՝ Տավուշի մարզ, գյուղ Այգեձոր (նախկին Շամշադինի շրջան): Հունվարի 20-ին, ժամը 04-ի սահմաններում, դուրս գալով Ծերեթելի 6-րդ հիվանդանոցից, հիվանդը կորել է: Վիրահատությունից հետո առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված: Տեսնողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 093 98 83 82, 093 13 11 74 հեռախոսահամարներով»:

Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Էդիկ Մադյանը երկու որդի ունի, բազմաթիվ թոռներ: Նա հիվանդանոցում վիրահատվել էր ստամոքսի խնդիրների հետ կապված: «Գիշերը դուրս է եկել հիվանդանոցից, գնացել, կինը քնած է եղել, աշխատակցին ասել է, թե հիվանդապահ եմ, դուրս եմ գալիս մաքուր օդի»,- ասաց գյուղապետը: Ի դեպ, այժմ կորածի հարազատները, բարեկամները հավաքվել են հիվանդանոցի առաջ: