Միջազգային հանրության արձագանքի բացակայությունն էլ հենց Ադրբեջանի կողմից նոր ագրեսիվ գործողությունների է հանգեցնում, հունվարի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Նա հայ ժողովրդին կոչ է արել հիշել, որ խոսքը հետեւողական քաղաքականության մասին է, որն անթաքույց վարում է Ադրբեջանը: «Եվ եթե մենք իրավիճակին նայենք ոչ թե հերոս զինվորի կորստյան ցավի, այլ այն տեսանկյունից, թե ինչ է անում Ադրբեջանը, ապա կտեսնենք, որ սա խիստ ծրագրված քաղաքականություն է», - հավելել է նա: Ալավերդյանի խոսքով՝ Ադրբեջանի դիվերսիաները ինքնատիպ զորավարժություններ են: Ադրբեջանը նաեւ փորձարկում է, թե ինչպես կարձագանքեն միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Ըստ Ալավերդյանի՝ հենց որ Ադրբեջանը համոզվի, որ պատերազմ սկսելու դեպքում տանուլ չի տա, այլեւս չի հապաղի:
Լարիսա Ալավերդյանը հիշեցրել է, որ Հայաստանը պատերազմում հաղթել է այժմ հերոսացվող Հեյդար Ալիեւի օրոք: Նրա խոսքով՝ ներկա իրավիճակում մենք պետք է ուժեղ լինենք, եւ վերջին դեպքը ցույց տվեց, որ մենք ուժեղ ենք. «Հունվարի 20-ին զոհված Արմեն Հովհաննիսյանը ապացուցեց, որ հարկ եղած ժամանակ հայ ժողովուրդը միշտ էլ քաջարի հերոսներ է ծնում»:
NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել էրն ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























