2014-ին Երեւանում պետական դրոշների պահպանման համար կտրամադրվի 80 մլն դրամ (մոտ 200 հազար դոլար-խմբ): Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Հարցին, թե այդ ծախսը չափից ավելի մեծ կամ ժամանակավրեպ չի՞ համարում՝ հաշվի առնելով քաղաքային տնտեսությունում մի շարք չլուծված հարցերը, Արեյանը պատասխանեց, որ պետական դրոշը պետք է քաղաքի անքակտելի մասը լինի:

«Քաղաքում, առավել եւս մայրաքաղաքում, պետք է զգալ պետական դրոշի ներկայությունը, առաջին հերթին օրենքով նախտեսված վայրերում՝ վարչական եւ հասարակական շենքերի, ուսումնական հաստատությունների վրա, երկրորդ՝ հատուկ առանձնացված տեղերում: Դրանք արդեն ավելի խոշոր դրոշներ են՝ մեծ բարձրության վրա: Բնականաբար, այդ նպատակների համար միջոցներ են անհրաժեշտ, քանի որ մաշվում են դրոշները: Այդ ծախսերը ես միանշանակ արդարացված եմ համարում»,-ընդգծեց նա: