Տավուշի մարզում նոր կառուցվող ճանապարհը, որը կշրջանցի գոյություն ունեցող Պառավաքար-Վազաշեն ճանապարհը, կլինի ամենաանվտանգը: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, «Պառավաքար-Վազաշեն» ավտոճանապարհի փակմանը, նոր այլընտրանքային ճանապարհի կառուցմանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի պետ Սուրեն Դարբինյանը:

Նրա խոսքով՝ հրադադարի կնքումից հետո ընկած ողջ ժամանակահատվածում հայկական կողմը միշտ փորձել է անվտանգության երաշխիքների շուրջ պայմանավորվել ադրբեջանցիների հետ, որի նպատակը փոխադարձ կրակոցների բացառումն է, սակայն ադրբեջանական կողմը միշտ խախտել է պայմանավորվածությունները:

«Գաղտնիք չէ, որ մենք ադրբեջանցիներին պատժելու համար ողջ շփման գծի երկայնքով դիրքերում էական առավելություններ ունենք, բայց հայկական կողմը նման գործողությունների չի դիմում»,-ասել է Դարբինյանը:

Անդրադառնալով միջազգային կառույցներում համագործակցությանը, նա նշել է. «Մենք միշտ համագործկցում ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, բայց ներկայումս գործ ունենք հակառակորդի հետ, որը չի պատկերացնում, թե ինչ են միջազգային կոնվենցիաները եւ միջազգային պայմանավորվածությունները»:

Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների հետեւանքով զոհվել էր 1 եւ վիրավորվել 3 հայ զինծառայող: Դրանից հետո փակվել էր Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհը, որը մինչ այդ ամենահարմարն էր համարվում: Այն մշտապես կրակահերթերի տակ էր գտնվում: