Նամարդ գնդակն ընտրում է լավագույններին՝ թե Ղարաբաղի լեռներում, թե Կիեւի փողոցներում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

«Հազա՜ր ափսոս քո նահատակ հերոս կյանքի համար, սիրելի Սերգեյ: Նամարդ գնդակն ընտրում է լավագույններին՝ թե Ղարաբաղի լեռներում, թե Կիեւի փողոցներում:

Ներիր, Սերգեյ ջան, իմ մեղսավոր Ուկրաինային, նա դեռեւս չի կայացել որպես մարդասեր պետություն, դրա համար էլ չկարողացավ պահպանել քեզ: Հենց հանուն մարդասիրության այդ մակարդակի թափվեց քո հերոսական արյունը, իր մարդկային դեմքը աշխարհի առաջ պարզերես կանգնելու համար է շարունակվում արդեն հարյուրամյակներ տեւող ուկրաինական պայքարը:

Հավերժ փառք քեզ եւ հավերժ փառք քեզ հետ նահատակվածներին»,-գրել է Բոժկոն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կիեի Գրուշչեւսի փողոցում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածներից մեկը, պարզվել է, ազգությամբ հայ, Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանն է: Այս մասին հայտնել էր ընդդիմադիր «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները: «Դա Սերգեյ Նիգոյանն է՝ Եվրոմայդանի ակտիվ մասնակից»,-ասել էր զրուցակիցը:

Աղբյուրի խոսքով՝ նա մեկ հրազենային վնասվածք է ստացել վզին, մյուսը՝ գլխին:

Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը հաստատել է Կիեւի եվրոմայդանում հայ Սերգեյ Նիգոյանի զոհվելու փաստը: