Ձեւավորված ավանդույթի համաձայն` Բանակի օրվան ընդառաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում: ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 22-ին Սեյրան Օհանյանը եղել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պաշտպանության նախարարին ուղեկցել են պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Ողջույնի խոսքում շնոհավորելով Բանակի օրվա կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին այցելության համար, համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը վստահեցրել է, որ բուհում ռազմահայրենասիրական դաստիարակությունը դրված է բարձր հիմքերի վրա:
Այնուհետեւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անկախության եւ հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների եւ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբի գործողությունների հետեւանքով արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:
Իր ելույթում Սեյրան Օհանյանը կարեւորել է բանակ-բուհ համագործակցությունը արատավոր երեւույթների, փողոցային բարքերի դեմ պայքարի, ինչպես նաեւ երիտասարդության հայրենասիրական դաստիարակության ամրապնդման գործում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ուսանողներին հակիրճ ներկայացրել է ՀՀ զինված ուժերի անցած փառավոր ուղին, կազմավորման փուլերը, առանձնահատկությունները, պաշտպանական բարեփոխումները, խոսել է առկա բացթողումների եւ մարտահրավերների, ինչպես նաեւ` ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը խորացնելու հեռանկարների շուրջ:
ՀՀ պաշտպանության նախարարը նաեւ պատասխանել է կրթօջախի դասախոսների եւ ուսանողներին հուզող հարցերին:
Միջոցառման ավարտին ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաեւ բուհում հայրենասիրական դաստիարակությունն ամուր հիմքերի վրա պահելու համար Սեյրան Օհանյանը Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանին եւ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգեւատրել է գերատեսչական մեդալներով: Համալսարանի մի շարք դասախոսներ ու ուսանողներ արժանացել են նաեւ պատվոգրերի:
Ուսումնական հաստատության գիտական խորհրդի որոշմամբ էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգեւատրվել է համալսարանի Ոսկե մեդալով:































