ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը բողոքում է, որ ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանը իրեն սպառնում է, թե ոչ ոք չի կարող իրեն այս երկրում կպնել կամ դատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գործարար Արագած Ախոյանը՝ անդրադառնալով իր եւ իր նախկին գործընկեր ամերիկահայ գործարար, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, Արցախ բանկի բաժնետեր, շվեցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ AWI ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանի տարաձայնություններին եւ դատական գործին:
Արագած Ախոյանը հույս հայտնեց, որ արդարադատությունը կստիպի, որ նա հրաժարվի իր առավելություններ ունեցող մարդու մենթալիտետից: «Դե ասում է, որ ես այս երկրի համար բարեգործ եմ, ով կարող է ինձ կպնի, դատի: Ինքը հիմա ուզում է, որ իր «գցած» գումարները չտա: Ինչպես թուրքական իշխանությունը ստեղծվեց հայերից խլած ունեցվածքի վրա, այնպես էլ «Արցախբանկը» ինքը ստեղծեց մեզանից «գցված» փողերի վրա»,-ասաց Ախոյանը:
Հարցին, թե իր կարծիքով, շուրջ 10 տարի շարունակվող դատական գործընթացը արհեստակա՞ն է ձգձգվում, նա պատասխանեց. «Չեմ կարծում. երեւի ուսումնասիրում են, որովհետեւ շատ ծավալուն է: Մեկ դատ չի, մի քանի դատեր են: Ես արդարադատությանը հավատալով եմ համբերատար սպասում»,- ասաց Արագած Ախոյանը:
Ավելի վաղ Արագած Ախոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով իրենց տարաձայնության մասին ասել էր.«Ոչ բարով մի ժամանակ գործընկերներ ենք եղել: «Իտարկո քոնստրաքշն» ընկերությունը ստեղծելու գաղափարը իմն էր: Ես եմ ոտքի կանգնեցրել, կնիք հանել: Իսկ ներդրումները եղել են երկուստեք՝ ամեն մեկը իր բաժնի մասով: Ընդամենը երկու տարվա մեջ մեր ակտիվներն ավելացան 3-4 անգամ: Հաջողությունից հետո սկսեց այն ձեռագիրը, որն իրենք ունեն, այսինքն` գործընկերներից հրաժարվելու սցենարը: Պարոն Կապրիելյանը եւ իր նմաններն ունեն իրենց բնորոշ մի ձեռագիր` բիզնեսը կայացնելուց հետո իրենց գործընկերներին անպայման վերացնում են: Այսինքն` այնպիսի պայմաններ են ստեղծում, որպեսզի գործընկերը թողնի գնա կամ հրաժարվի ունեցվածքից, որը փորձեցին անել ինձ հետ, բայց չի ստացվել:Կոնկրետ Հրաչ Կապրիելյանը իր տեսակով այնպիսիներից է, ով կարող է զինվորին ուղարկել պատերազմի դաշտ եւ փամփուշտ չուղարկել: Բայց չի հասկանում, որ վայրահաչություններով զբաղվելու ժամանակը չէ: Փշի պես կանգնել է կոկորդում: Նրան ես չէ, որ պետք է ներկայացնեմ: Նրան ճանաչողները մեկ, երկու, երեք արդեն չորրորդ անգամ չեն ուզում շփվել: Արդեն մի քանի տարի է նա հետ դատական գործընթացի մեջ ենք: Բազմիցս հայտարարել եմ: Ես կամ Հրաչ Կապրիելյանը, մեզանից մեկը հանցագործ է, խնդրում եմ սիրելի պետություն, սիրելի իրավապահ մարմիններ գտեք մեզանից ով է հանցագործ: Միթե դժվար է սա անել, որպեսզի Հրաչ Կապրիելյանի նման մարդիկ չակերտավոր հայրենիք սիրելով հայրենիքին շանտաժի չենթարկեն: Ինչ է նշանակում, եթե Հայաստանից գործընկեր չունենանք, ամեն ինչ լավ կլինի, որ այստեղ-այնտեղ հայտարարում է: Դա սրիկայություն է:




























