Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 22-ին ընդունել է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի հատուկ բանագնաց դեսպան Հերման Շեյփերին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հիշատակել է անցյալ տարվա մայիսին Ստրասբուրգում Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Տիմմերմանսի հետ ունեցած հանդիպումը եւ երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ ունեցած զրույցը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Շեյփերը նախարար Նալբանդյանին փոխանցել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Ֆրանս Տիմմերմանսի ողջույները եւ վերահաստատել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իր երկրի շահագրգռվածությունը։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել տարբեր բնագավառներում երկու երկրների փոխգործակցության հարցերին, քննարկվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, երկուստեք կարեւորվել է միմյանց թեկնածությունների սատարումը:
Էդվարդ Նալբանդյանը խնդրել է հոլանդացի գործընկերոջը փոխանցել իր բարեմաղթանքները եւ Հայաստան այցելելու հրավերը:




























