Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նախօրեին Սամվել Բալասանյանի տուն «այցելության» վերաբերյալ:

Ոստիկանության փոխանցմամբ՝  հունվարի 22-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ  Սամվել Բալասանյանի առանձնատանը եւ նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: Դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով:

Հրապարակման առնչությամբ ոստիկանության Շիրակի մարզի  քննչական բաժնում  նախապատրաստվում են նյութեր: Հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին` ձեռնարկելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու դեպքի իրական հանգամանքները, ինչպես եւ ԶԼՄ-ներում զետեղված տեղեկատվության հավաստիությունը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ արձանագրվել են տեսախցիկների առկայությունը, կնիքվել է տեսանկարահանող եւ պահպանող սարքերի սենյակը: Բացատրություններ են վերցվել հարեւանությամբ բնակվող  եւ աշխատող անձանցից:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենը տեսագրել էին տարածքի տեսախցիկները, եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այս անգամ վճռական է տրամադրված, տեսախցիկների ձայնագրությունը տրամադրվելու է իրավապահներին:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ քաղաքապետը երեկ երեկոյան է վերադարձել Հայաստան, մամուլում շրջանառվող դեպքերի ականատես չի եղել, քանի որ տանը չի եղել: «Ամեն դեպքում, անկախ ամեն ինչից,  թե ովքեր են եղել կամ ովքեր չեն եղել, կան տեսախցիկների արձանագրած տեսագրությունները, որոնք հետագայում կօգտագործվեն մեր կողմից»,- հայտնել էր մամուլի քարտուղարը:

Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներն ուսումնասիրվում են: Երեկ երեկոյան Վարդան Ղուկասյանի որդու հարձակման տեսագրությունը հայտնվել է համացանցում: