2013 թ. (դեկտեմբերի 15-ի դրությամբ) ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ստորաբաժանումների կողմից հրդեհների մարման նպատակով իրականացվել է  3862 ելք: Այդ մասին ասվում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 2013թ. հաշվետվության մեջ:

Հրշեջ փրկարարական ջոկատների հրդեհների մարման նպատակով իրականացված 3862 մեկնումներից հրդեհ է գրանցվել 3261 դեպքում, հրդեհի ելքերի 381 դեպքում հրդեհներ չեն արձանագրվել, ելքերի  273 դեպքում գրանցվել են կեղծ կանչեր: Հրդեհների զգալի մասը` 1340-ը կամ  41.1%-ը առաջացել են բուսածածկ, խոտածածկ տարածքներում: Բնակելի հատվածում արձանագրվել է հրդեհի 514 դեպք կամ 16%-ը, տրանսպորտային միջոցներում առաջացել են 189 հրդեհներ կամ  6%-ը: Աղբի եւ աղբատարների հրդեհները կազմել են 419 դեպք կամ 13%-ը: 

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատն արտակարգ դեպքերի հետեւանքների վերացման նպատակով արձագանքել են 1737 կանչի, որից՝ 982 կենցաղային, 39-ը՝ ավտովթարներ, 55-ը՝ որոնողափրկարարական աշխատանքներ:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում հրդեհներից տնտեսությանը պատճառվել է շուրջ 495 միլիոն դրամի նյութական վնաս, զոհվել է 9 եւ վնասվածքներ ստացել` 28 մարդ: Հիմնական հրդեհատեխնիկական հետազոտության է ենթարկվել 4993 օբյեկտ: Հրդեհային անվտանգության  կանոնները խախտելու կամ չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 281 քաղաքացի եւ 855 պաշտոնատար անձ, գանձված գումարի չափը կազմել է 39 390 000 դրամ: Արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող 71 անձանց նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ՝ 35 400 000 դրամի չափով:

Տեխնիկական անվտանգության փորձաքննության են ենթարկվել 11961 արտադրական վտանգավոր օբյեկտներ եւ մեքենասարքավորումներ: Տեղի ունեցած տեխնածին վթարի 15 դեպքերի կապակցությամբ իրականացվել են տեխնիկական քննություններ: