Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ձերբակալվել է ռուսաստանյան Lenta.doc նախագծի ռեժիսոր Անդրեյ Կիսելյովը: Այս մասին հայտնել է Lenta.doc նախագծի հիմնադիր Ալեքսանդր Ռաստորգուեւը:

Հաղորդվում է, որ լրագրողին բռնել էին «Բերկուտ»-ի մարտիկները՝ հունվարի 23-ի առավոտյան: Ռաստորգուեւի  խոսքով՝ իր ձերբակալման մասին տեղեկացրել է ինքը Կիսելյովը, ընդ որում՝ ձերբակալելիս լրագրողին ծեծի են ենթարկել, հայտնում է lenta.ru-ն:

Նշենք, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տվյալով՝ հունվարի 19-ին բախումները սկսվելուց հետո երեք օրվա ընթացքում Կիեւում երեք լրագրող է ձերբակալվել, եւս 35-ը տարբեր վնասվածքներ են ստացել:

Կազմակերպությունը նաեւ նշում է, որ լրագրողների վրա հարձակումներ կատարվել են ինչպես ցուցարարների, այնպես էլ իշխանությունների կողմից: Առավել հաճախ վնասվածքների պատճառ են դարձել քարերը եւ լուսաձայնային նռնակները: Որոշ լրագրողներ էլ ռետինե փամփուշտների գնդակոծման են ենթարկվել: