Ուկրաինայի մայրաքաղաքում կարելի է ծանր վնասվածքների ու հաշմանդամության դեպքերի համար ապահովագրվել. ապահովագրական ընկերություններում նոր ծառայություն է հայտնվել՝ ապահովագրում «Մայդանից»:
Սա կապված է Կիեւի կենտրոնում կատարվող բախումների հետ, որոնց ընթացքում ոմանք ծանր վնասվածքներ են ստացել: Բացի այդ, կիեւցիներին մտահոգում են այն լուրերը, որ քաղաքում «տիտուշկաների» ջոկատներ են շրջում եւ հարձակվում մարդկանց վրա:
«Եթե մարդը ցանկանում է ապահովագրվել Մայդանում կատարվող բոլոր այդ դեպքերից, նա վերցնում է անձնագիրը եւ գնում ապահովագրական գործակալություն: Այդպիսի ապահովագրության արժեքը սովորականից թանկ կլինի եւ կախված է, թե տվյալ մարդն ինչ է աշխատում, - հայտնել էին Ուկրաինայի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկում: - Այնուհետեւ հաճախորդն ընտրում է սպառնալիքի տեսակը. մահ, հաշմանդամություն, աշխատունակության ժամանակավոր կորուստ, տեւողությունը՝ կամ աշխատանքային ժամ, կամ էլ օրվա մեջ 24 ժամ, արժեքը կախված է նաեւ դրանից»:
Բացի այդ, քաղաքացիները կարող են ապահովագրել նաեւ մարմնի տարբեր մասերը՝ ձեռքերը, ոտքերը, աչքերը, հայտնում է segodnya.ua-ն:
Ըստ ստանդարտ պայմանագրի՝ ապահովագրվել կարող են Մայդանում ծառայողական պարտականություններ կատարող քաղաքացիները, օրինակ՝ լրագրողները: «Ըստ էության՝ եթե հանկարծ որեւէ բան պատահի, ապա դա, կոպիտ ասած, աշխատանքային վնասվածք է: Եվ խոսքը միայն Գրուշեւսկի փողոցի մասին չէ, այժմ ամբողջ քաղաքում է իրավիճակը լարված», - ասել է ապահովագրական գործակալության աշխատակիցը:




























