Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանին վրդովեցրեց իր պաշտոնանկության մասին լուրը: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե տեղյակ եք, որ ձեզ պաշտոնանկ են արել, նա այսպես արձագանքեց. «Արել են, լավ են արել, ուրեմն տենց ա պետք եղել: Նախ, ինձ ոչ մեկ պաշտոնանկ չի արել, դա անհեթեթ խոսակցություններ են, խնդրում եմ՝ ինձ մի զանգահարեք»: Այս խոսքերից հետո նա անմիջապես անջատեց հեռախոսը՝ թւոյլ չտալով ճշտել, թե որոնք են անհեթեթ խոսակցություններ:
Նշենք, որ դեռ երեկ առավոտյան Կարեն Բաբակեխյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե դեռ գտնվում է հերթական արձակուրդի մեջ, բայց խոստանում է անպայման վերադառնալ: «Իմ հերթական արձակուրդն է, ոչ մի արտառոց բան չկա, ամսի 5-ից արդեն աշխատանք կլինեմ»,- ասել է Շիրակի նախկին ոստիկանապետը: Նա բացառել է իր պաշտոնանկության մասին լուրերը՝ նշելով, թե «նման թեմա չկա»: Ինչ վերաբերում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ կոլեգիայի նիստի ժամանակ հայտնած դժգոհություններին, ապա Բաբակեխյանը համաձայն է Վլադիմիր Գասպարյանի հետ: «Մեր նախարարն է, պետք է բարկանա, բա ի՞նչ պետք է անի: Իհարկե համաձայն եմ, այո, համարում եմ՝ թերացել եմ»,- ասել է Շիրակի նախկին ոստիկանապետը՝ հավելելով, որ միանշանակ վերադառնալու է իր աշխատանքին: NEWS.am-ի տեղեկություններով՝ Կարեն Բաբակեխյանը ոստիկանապետի հրամանով ազատվել է աշխատանքից:




























