2013թ-ին ամենաշատ ճնշումները եղան ԶԼՄ-ների եւ լրատվամիջոցների նկատմամբ, ինչը պայմանավորված էր նախագահական եւ ՏԻՄ ընտրություններով: Այս մասին այսօր` հունվարի 23-ին հրավիրված ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով  ԽԱՊԿ 2013թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին:

Նա նշեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում անգամ թեկնածուն բռնություն է գործադրել լրագրողի նկատմամբ,  ութ խոչընդոտման փաստ է արձանագրվել եւ երեք ֆիզիկական բռնության դեպք ակտիվիստական շարժման ժամանակ: Մելիքյանն ընդգծեց նաեւ, որ  2013թ-ին նկատվել է  բռնության 10 դեպք, այնինչ   2012 դրանք չորսն էին: 2013թ-ին  ճնշումները լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ 57  էին, իսկ 2012թ-ին 37, իսկ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքը 2013թ-ին  խախտվել է 10 անգամ, իսկ 2012թ-ին 23-ն էին: Նա, միաժամանակ  ավելացրեց, որ իրական խախտումները շատ ավելի շատ են, քան արձանագրվածը: Նրա խոսքով, նախորդ տարին անախադեպ էր նաեւ նրանով, որ ավելացան դատական գործերը ընդդեմ լրատվամիջոցների: