Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2013թ-ի տարեկան զեկույցում տեղ է գտել նաեւ Տնտեսագիտական համալսարանի խայտառակ կոնֆլիկտը: Այս մասին այսօր` հունվարի 23-ին հրավիրված ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա հիշեցրեց, որ համալսարանի մի շարք ուսանողներ լկտի գործողությունների արդյունքում լրագրողներին  թույլ չտվեցին մասնակցել բաց քնարկմանը եւ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությանը: «Լկտի հայհոյանքներ եւ քաշքշուկներ էին: Դրանք պետք է արժանի գնահատականի եւ հետեւանքների բերեին, բայց ցավոք մեր հայտարարությունն էլ անարդյունք անցավ: Մենք կոչ արեցինք, որ Տարոն Մարգարյանը բացատրություն տա, ԿԳՆ քննի ռեկտորի պաշտոնի համապատասխանության հարցը: Իսկ իրավապահները գործողությունների մասնակիցներին արժանի պատժի ենթարկեին, բայց դրանք չտեսանք: Ցավոք ոստիկանությունը այդ ակնհայտ լկտի գործողություններում ոչ խուլիգանություն տեսավ, ոչ էլ լրագրողների դեմ ոտնձգության դեպքեր»,- ասաց Աշոտ  Մելիքյանը: Նա միաժամանակ ավելացրեց, որ դա լրագրողական գործունեությունը խոչընդոտելու լկտի ակնհայտ դասական օրինակ էր:

Նշենք, որ ՀՊՏՀ ուսանողները դեկտեմբերի 26-ին խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը, թույլ չտալով լուսաբանել Երեւանի քաղաքապետի ատենախոսությունը, թերեւս վախենալով, որ վերջինս կարող է խայտառակվել:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խիստ նկատողություն էր հայտարարել երկու ոստիկանների, որոնք չէին միջամտել, իսկ ուսխորհրդի անդամներին որեւէ պատասխանատվության չէին ենթարկել: