Կրթության եւ Գիտության նախարարն այսօր` հունվարի 23-ին Կառավարության նիստում ներկայացնելու է օրենսդրական մի նախաձեռնություն, որի նպատակն է կարգավորել միջպետական եւ միջկառավարական համաձայնագրերով արտասահմանում սովորող արական սեռի ներկայացուցիչների տարկետման հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այս կերպ հավասար պայմաններ կստեղծվեն բոլոր ուսանողների համար:

«Մի ուսանող օրինակ սովորում է աշխարհի լավագույն 11-րդ համալսարանում, իսկ մյուսն ընդունվում է ինչ որ երկրի մարզային նշանակության որեւէ համալսարան: Սա նշանակում է, որ վերջինս տարկետվում էր, իսկ լավագույն 11-րդ համալսարանում սովորողը չէր տարկետվում: Այստեղ անարդարության խնդիր կա»,- ասաց նախարարը:

Աշոտյանի խոսքով` պետությունն իրեն իրավունք կվերապահի տարկետել դրսում սովորող ուսանողներին, սակայն որոշ չափանիշներ հաշվի առնելով. «Կարեւոր է տվյալ համալսարանի վարկանիշը Եվրոպայում, որքանով է այս մասնագիտությունը պահանջված մեր երկրում: Ցուցակները կլինեն, երբ օրենքն ընդունվի»: