Կառավարությունը «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման որոշում չի կայացրել, հունվարի 23-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ճարտարապետների  միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Անդրադառնալով Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի միանգամայն հակադիր հայտարարությանը՝ նա նշել է, թե շատ հնարավոր է՝ «Քաղավիացիայի վարչության պետը նման բուռն ցանկություն ունի»:

«Կարծում եմ՝ նա պարզապես իր կարծիքն է հայտնել՝ հանրության արձագանքը տեսնելու համար: Այնպիսի տպավորություն ունեմ, թե միայն Քաղավիացիայի վարչությանն է մտահոգում շենքի քանդման հարցը», - ասել է Մինասյանը եւ հավելել, որ ոչ ոք քանդման թույլտվություն չի տվել:

Ի պատասխան հարցին՝ ինչով է պայմանավորված Քաղավիացիայի վարչության պետի նման ցանկությունը, Ճարտարապետների  միության նախագահը նշեց, որ  դա բացատրվում է շենքի պահպանման խոշոր ծախսերով:

 «Նրանք պարզապես ցանկանում են ազատվել գլխացավանքից: Արդեն մեկ տարի է՝ Ճարտարապետների  միությունն ասում է, որ չի կարելի քանդել շենքը, քանի որ այն ճարտարապետական արժեք է, խորհրդային մոդեռնիզմի լավագույն  նմուշն է եւ մասնագետների շատ բարձր գնահատականի է արժանացել»,- ասել է Մինասյանը՝ ընդգծելով, որ վերջին 10 տարում կարելի էր շենքի գործածականության համար բազմաթիվ տարբերակներ մտածել: